Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2024-05-18, 18.03.59
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Պարույր Սևակ, 1924-1971
Պարույր Սևակ, 1924-1971
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.15.14 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Տհող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...

30. X. 1955




Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.23.31 | Сообщение # 121
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՎ ԻՄ ՄԻՋԵՎ

Օգնի՜ր ինձ, Մարիա´մ,

Անաղարտ մնամ

Ա´յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,

Որ դժգոհություն բառով է կոչվում:

Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ:

Օգնի՜ր ինձ, Մարիա´մ,

Եվ ասեմ` ինչո´վ.

Բարեխոս եղիր ի´մ և ի՜մ միջև,

Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:

Ես խռովել եմ նաև աշխարհից.

Ե´կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,

Թե չէ ես այսպես ապրել չեմ կարող:

Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին

Լիացա´ծ, ժպտո´ւն ու գո՜հ աչքերով`

Հաղթելով և´ քաղցր, և´ պապակ փափագ:

Ուզում եմ ապրել անչար ու բարի`

Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես...

Մի բու թառել է իմ զույգ աչքերին.

Թռցրո´ւ նրան:

Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.

Կորցըրո´ւ այդ ձուն:

Ճանճեր են նստած ինձ վրա

Այնպե´ս,

Ինչպես քունջութը` կաթնահունց հացին:

Ճանճը քունջո´ւթ չէ.

Հացըս չի՜ ուտվում:

Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև,

Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով:

Խաշխաշ չե՜մ ուզում.

Կակա´չ դարձըրու:

Ասում են, իբըր, կապույտի վրա

Չեն նստում ճանճեր:

Լսո՞ւմ ես, Մարիա´մ,

Ինձ ներս ու դրսից կապույտ հագցըրու...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.24.06 | Сообщение # 122
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՍՈՆԱՏ

(Հինգ նվագով` մինոր հնչականությամբ)

Ա . ՆՎԱԳ

Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից գուցե մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,—
Կիսախելագար մտքեր են գալիս
Ու խտանում են իմ խեղճ գանգի մեջ,
Խտանում, ինչպես սերմերը՝ հասկում։

Ես միտք եմ անում,
Ա~խ, եթե մեռնելն այնպես հեշտ լիներ,
Ինչպես ծնվելը...
Բայց մինչև անգամ թե այդպես լիներ`
Կշահեինք մե՛նք,
Դարձյա՛լ -վերստի՛ն-կրկի՛ն -նորի՛ց մե՛նք,
Բայց ո՛չ մայրերը:

Բա մեղք չեն նրանք...

Բ. ՆՎԱԳ
Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից իզո~ւր մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,—
Պարապ քայլերով պատից մինչև պատ`
Կոշիկիս մռթով ու կրունկներով
Խուլ նվագում եմ հատակի վրա,
Որ տանտիրուհու ձեռքի է կարոտ,
Եվ այդ նվագին ունկ չդնելով`
Հանկարծ միտք անում,
Թե շունն ինչո՞ւ է հաչում Լուսնյակի,
Սակայն ոչ երբեք Արևի վրա:

Եվ չգտնելով հարմար պատասխան,
Ավելին՝ նույնիսկ չորոնելով,
Զգում եմ, թե ես ո~նց եմ կարոտել
Ա՛յն ավազուկին,
Որ կոչվում է շոգ:

Գ . ՆՎԱԳ

Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից արդե՛ն մոռացված
Ինչ-որ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է ներս մտնում իմ տուն
Ու դառնում տանտեր,—
Աչքս, ակամա,
Ճամփորդության է դուրս գալիս հանկարծ,
Դիմացի շենքի
Զարդաքանդակված քիվի երկայնքով
Ճամփորդում այնպե՛ս զգույշ ու դանդաղ,
Ասես մրչյուն է
Եվ ոչ թե հայացք:
Ճամփորդում է նա քիվի երկայնքով,
Եվ հասկանում եմ ես լուսնոտներին:
Ու հանկարծ-
Կյանքումս առաջի~ն անգամ,-
Լուռ միտք եմ անում.
Լուսնային ախտով հիվանդներ թե կան,
Իսկ ինչո՞ւ չկան
Արևի ախտով տառապող մարդիկ,
Եվ դա չի՞ կապվում այն առեղծվածին,
Թե շունն ինչո՞ւ Է հաչում Լուսնյակի,
Սակայն՝ ոչ երբեք Արևի վրա...

Դ. ՆՎԱԳ

Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից ընդմի~շտ մոռացված
Նույն այդ անձրև է թախծում ինքն իրեն,
Երբ տխրությունն է դարձյա՛լ իմ տան մեջ
Իրեն պահում է տանտիրոջ նման,-
Գրասեղանից մի գիրք եմ վերցնում,
Որ` հետապնդված իմ իսկ մտքերից`
Գեթ ապավինեմ էջերին նրա։

Վերցնում եմ և — ի՞նչ.
Խորհում ակամա,
Որ նույնիսկ գիրքը...֊ նա Էլ Է նեղվում՝
Ընդմիշտ սեղմված ամուր կազմի մեջ...

Ե. ՆՎԱԳ

Երբ աշնանային դաշտերի վրա
Կամ քաղաքային գորշ փողոցներում
Ամենքի կողմից ընդմի~շտ մոռացված
Նույն հին անձրև է թախծում ինքն իրեն,
Եվ տխրությունը իմ ներկայությամբ
Տանս մեջ իրեն տանտեր է զգում,––
Էլ ի՞նչ Է մնում,
Որ ես ինչ անեմ.—
Գլուխս եմ կողպում
Ու բաց եմ անում փակված բերանս.
- Է~յ, ընկե՛ր երկինք,
Մի՝ խուլիգանիր,
Թե չէ՝ միլիցիա կզանգահարեմ:

Ձայնս չի՞ հասնում հեռու երկնքին,
Թե՞ միլիցիայից նա չի երկյուղում,
Եվ բաց չի անում իր դեմքը ամպած.
Ամենքի կողմից իզու~ր մոռացված
Այդ նույն անձրև է թաղծում ինքն իրեն ,
Իմ տուն ներս եկած անկոչ
Տանտիրությունն է դեռ շարունակում,
Ու ես, զայրագի՛ն,
Ու ես, ճարահա՛տ,
Քենս թափում եմ իմ խոհանոցի ծորակի վրա,
Որ բաց է եղել.
Ես խեղդելո~ւ պես ծորակն եմ փակում:

Եթե անզոր եմ երկնքի հանդեպ,
Այս լիրբ ծորա՛կը թող լռի գոնե,
Որ... չատեմ ջուրը
Ու չկարոտեմ ա՛յն ավազակին,
Որ շոգ է կոչվում:
19. XII, 59
Թիֆլիս



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.25.10 | Сообщение # 123
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։

Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:

Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։

Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։

Նաև ատում եմ,
Եթե ստում են։

Բայց ամենի՛ց խոր
Ես հավատո~ւմ եմ:

Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո~ւմ եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։

Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի...

Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։

Գիտի կործանե՛լ,
Բայց և... գո~րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:

Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:

Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։

Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե~լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե~լ գիտի։

Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևս՝
Գիտի ստեղծե~լ։
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։

Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա~նը
Ու բարությա~նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-

Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն ։

Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,–
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,—
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...

Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի~ ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն...

Ես հավատում եմ հավատի~ն մարդու`
Իմ ա՛յս հավատին...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.31.06 | Сообщение # 124
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՏԽՐՈՒՄ ԵՄ

Հոգուս վրա տխրություն Է հաճախ թառում,
Երբ թաց աշնան չոր խաշամն Է ծածկում առուն,
Չոր խոտի հետ երբ այրվում Է թուփը կանաչ,
Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ
կանանց,
Ու երբ գուսան - չալ կաքավն Է ընկնում վանդակ,
Իսկ երդ ատող,
Նվսսգ հատող
Մարդը դառնում... մեկենասի ձուլված բանդակ...

Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ
Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում...
27. V. 57 Մոսկվա



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.41.08 | Сообщение # 125
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՀՈԻՍԱՀԱՏՈԻԹՅԱՆ ՊԱՀԵՐ

Հուսահատության պահե՞ր։
Ինչպե~ս չէ.
Լինում են, լինո~ւմ,
Նույնիսկ ավելի՛, քան հարկավոր է:

Հուսահատվում եմ ինքս ինձանից.

- Երբ շատ լավ գիտեմ,
Որ պետք է ասել «այո»,
Մինչդեռ ես «ոչ» եմ բղավում...

- Երբ ես՝ խելահաս ու հասուն արդեն,
Երեխայի պես այն եմ դուրս տալիս,
Ինչ տան գաղտնիք է.
Փո՞քր տան թե մեծ,–
Մի՞թե նույնը չէ...

-Երբ իմ սիրածից չհիասթափված,
Ավելին՝ նրան դարձյալ սիրելով՝
Հափշտակվում եմ նորահայտ մեկով...

-Երբ ես հենց այսպե՛ս անկեղծանում եմ՝
Ի՛նքս էլ, ա~խ, ի՛նքս էլ լավ հասկանալով,
Որ արդեն այսչափ անկեղծանալուց
Մինչև երջանիկ հիմարությունը
Կես քայլ է միայն...

-Հուսահատվում եմ նաև ա՛յն բանից,
Թե որքա՞ն պիտի դեռ հուսահատվեմ
Ինքս ինձանից...
26. XII. 59
Թիֆլիս



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.41.38 | Сообщение # 126
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՋՐԵՐԻ ԼԵԶՈԻՆ

Ջրերի լեզուն ասես ինձ համար
Կիսով սովորած օտար լեզու է.
Ի~նչ Էլ որ ասեն՝
Հասկանում եմ լավ,
Բայց պատասխանե~լ
Չե՛մ կարողանում...
79, 12. 59
Թիֆլիս



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.42.12 | Сообщение # 127
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՔՈ ԱՆՈՒՆԸ
Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
Քեզ փայփայած
Իմ ձերքերն ես ատում գուցե:
Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ինչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:

...Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կկոչվի քո անունով:

Ես ատում եմ քո անունը...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.42.44 | Сообщение # 128
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՎԱԶԸ՝ ՀՈՎԱԶ

Ես նա եմ նաև,
Ով հասկանում է,
Թե ինչու Է միշտ ավազը լռում։

Նա հիշում Է այն ջրհեղեղները
Նախապատմական,
Որոնց լուռ վկան նույն ինքն` Է որ կա։
Իսկ երբ չար քամին
Խաղում է նրա խեղճ ջղերի հետ՝
Հիշեցնելով
Նրա փառավոր անցյալը կորած
Ու նրա ներկան աննախանձելի,
Ավազը հանկարծ հովազ Է դառնում
Ճանկռտում քամու
Ու նաև մարդկանց
Լպիրշ աչքերը:

Ու նաև մարդկա ~նց,
Որ մոռանում են իրենց անցյալը։

15,12.59 Երևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.43.09 | Сообщение # 129
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԻՄ ԱՆԵԼԻՔԸ

Ես նա եմ նաև,
Որ տարբերում է պաչը համբույրից,
Ինչպես սիրողին՝ սիրահարվածից,
Եվ մահացումը՝ մեռնելուց:
Իրոք.
Ի~նչ է իմ գործը,
Եթե ոչ ջոկել
Ո՛չ թե կեղծիքը ճշմարտությունից,
Այլն տարբերել սուտը կեղծիքից,
Ճիշտը` ճշմարտից և ճշգրիտից,
Գութը` խղճալուց...

Իսկ երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Ես տարբերում եմ մուժը մշուշից.
Ու մառախուղից մեգն եմ տարբերում:
Տարբերում նաև
Բախտավորություն ու երջանկություն,
Ոճիր ու հանցանք։

Ու երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Զարմանալի~ բան -
Ես` Տարբերողս,
Բնա~վ ամենքից ինձ չեմ տարբերում...
15. XII. 59



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.43.53 | Сообщение # 130
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՐԹՆԱՑՆՈՂ ԺԱՄԱՑՈՒՅՑ

Եվ, վերջ ի վերջո, ես ի՞նչ եմ, գիտե՞ք:

Ես արթնացնող մի ժամացույց եմ `
Ըստ ձե՛ր ցանկության
Ձե՛ր ձեռքով լարված:
Ու երբ պետք է ձեզ`
Սրտաճաք ճիչով
Արթնացնում եմ ձեզ,
Որ քնով չընկնեք:

Եվ հաճախ,
Իբրև շնորհակալիք,
Գլխիս եք բամփում,
Որ ձայնս կտրեմ...

19. IV. 59
Մոսկվա



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Պարույր Սևակ, 1924-1971
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz