Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВоскресенье, 2024-05-05, 08.52.27
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Պարույր Սևակ, 1924-1971
Պարույր Սևակ, 1924-1971
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.15.14 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Տհող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...

30. X. 1955




Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.44.26 | Сообщение # 131
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

***
Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը: Եվ սխալվում էին հները՝ կարծելով, թե "սերը կույր է": Համենայն դեպս չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում....:

***
Լինել ազգային բանաստեղծ ոչ միայն նշանակում է լինել հայրենասեր, այլ նաև մարդկայնության արտահայտիչ:

***
Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, աշխարհի ատոմային ռումբերն էլ գլխին թափեն, չի մեռնի: Իսկ ով բռնել է մեռնելու (ինքնասպանության) ճանապարհը, աշխարհում և ոչ մի աստված էլ նրան փրկել չի կարող:

***
Երբ մենք պարտվել ենք, պարտվել ենք ոչ այն պատճառով, որ թշնամին մեզանից ուժեղ է եղել, այլ մենք չենք ուզեցել հաղթել, չենք դրսևորել մեր հոգու ու կամքի ողջ կարողությունը:

***
Ոչ մի ժողովուրդ չի ծնել ֆիդայիների նման անձնազոհ նվիրյալների. դրանք մերօրյա դավիթներն են, որոնք, չունենալով Քուռկիկ Ջալալին և Թուր Կեծակին, պայքարի են նետվել օսմանյան բռնապետության դեմ:
Ահա թե ինչու ես հավատում եմ մեր էպոսին: Դա ոչ թե ժողովրդի սին երևակայության արդյունք է, այլ նրա կյանքի իրական հրաշապատումը:

***
Օտարության մեջ ազատ լինելն էլ այլ գերություն է,
Իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն:

***
Մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:

Պարույր Սևակ




Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.46.20 | Сообщение # 132
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԹԱԽԾԻ ԵՐԿԱՐՈԻԹՅՈԻՆԸ

Քայլում եմ այնպե՛ս,
Ոտներս կարծես լինեն ուրիշինը,
Այնպե՛ս կանգ առնում,
Ուրիշն է կարծես կանգ առնում այստե՛ղ`
Այս քաղաքային լճակի առաջ,
Ու նայում այնպե՛ս,
Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում։
Եվ այս վիճակը տևում է այնքան,
Մինչև որ հանկարծ
Մի ժանիքավոր-գիշատիչ քամի
Վրա է ընկնում
Ու քաղաքային այս խեղճ լճակն է հոշոտում քինով։
Եվ ջուրը կարծես չի՛ լալիս անգամ.
Ջուրը տենդո~ւմ է...

...Միի ժանիքավոր թախիծ Էլ հիմա
Մխվել Է իմ մեջ, ինչպես անձավում,
Եվ հոշոտում Է իմ էությունը։

Ա~խ, փախստական իմ Էությունը պետք Է ե՛տ բերել,
Մի կերպ ե՛տ բերել, թեկուզ խաբելո~վ,
Թե չէ դատարկված իմ քարանձավում
Ամայությունն է զկրտում անվերջ,
Թե չէ արթնացած իմ չղջիկներն են աչքերիս զարկվում,
Իրենց լպրծուն թևերով կախվում իմ թարթափներից,
Իբրև գորշ կաթիլ հոգու արցունքի`
Ա՛յն համաչափված կաթոցքի ձևով,
Որ ընդամենը լոկ քա՛ր չի ծակում,
Այլ համր և խուլ վայրկյաններին էլ պարգևում է ձա~յն
Եվ դրանով իսկ կետադրում Է անտրոհ օրը.
- Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... Գի՛ծ-կե՛տ...

Ու եթե կետն ու գիծը միացնենք,
Դու ի՞նչ ես կարծում,
Մի՞թե սլաքներն իմ ժամացույցի ետ-ետ չեն գնա,
Որպեսզի... կրկի՛ն եղածը լինի
Ու ներկայանա անցյա՛լը դարձյալ։
Մի՛թե այս «միթե» -ն
Չի ծլարձակվում ո՛չ մի բարությամբ։

ՉԷ՛,
Երազախաբ լինելուց երբեք զավակ չի~ ծնվում...

-Կե՛տ-գի՛ծ-կե՛տ... Գի՛ծ-կե՛տ,—
Օտար մի ձեռք է կարծես միացնում կետն ու գիծը իրար
Եվ դրանով իսկ չափում է մի կերպ
Զսպանակաձն թախծի... մոտավո~ր երկարությունը...

Ու ես զգում եմ ճառքագայթների ճնշումն ինձ վրա
Եվ ծանրությունը՝ բիբերիս խորքում։

Ու ետ դառնալով քայլում եմ այնպե՛ս,
Ոտներս կարծես լինեն ուրիշին,
Նայում եմ այնպե՛ս,
Կարծես ուրիշի աչք եմ փորձարկում.
Ու եթե թախծում՝
Ուրիշի~ սրտով...

Նույն ժանիքավոր-գիշատիչ քամին՝
Հոշոտված լճի դիակը լքած,
Իր մագիլներն է խրում գչխիս մեջ,
Նաև թիկունքիս,
Եվ չի՛ հասկանում,
Որ իմ գլուխը իմս չէ բնավ,
Եվ ուրիշինն է թիկունքս նաև...
Մանուկներն այստեղ խաղում են գնդակ,
Մանուկներն այնտեղ գնում են դպրոց,
Մանուկներն անվերջ երթն են խանգարում
Նախրի պես անցնող մեքենաների
Եվ մի մոլորվա՜ծ-շվարա~ծ քեռու,
Որ քայլ Է փոխում ուրիշի՛ ոտքով,
Եթե նայում Է՝ ուրիշի՛ աչքով,
Եվ մտածելով գլխո՛վ ուրիշի՝
Առայժմ այն Է հասկացել միայն,
Որ երազախաբ լինելուց երբեք զավակ չի~ ծնվում...

16—17. II. 64
Երևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.46.40 | Сообщение # 133
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Զարմանալի Պարույր,որ դեռ Սևակ է դառնում:

Ի՞նչ անեն տարիները ,եթե չեն ծնվում ժամանակակից ու ժամանակ չեն դառնում:Ո՞մ համար են բառերը ,եթե չեն ծնվում ժամանակակից ու ժամանակ չեն դառնում:Պարույր Սևակը անտեր տարիներին տեր եղավ,բառերով զինեց տարիները, դրեց ժամանակի հոլովույթի մեջ: Զգում ենք ,որ և տարիները բան հասկացան, և բան հասկացավ ամենակուլ և ամենախուլր ժամանակը:ժամանակը դարձավ մարդ,մարդը վստահ կանգնեց տիեզերքում,իր հայրենի եզերքում ու էնքան ինքնաիշխան ,տիրական ,որ միշտ թվալու է մարդը մտել է բանաստեղծի ափի մեջ,բայց ափում չէ, երակներում մեջ է, հոգում ու սրտում:Բանաստեղծի անունը գրելը դժվար գործ է,ինչպես ասելը, թե մեր մեծ երթի գավազանակիրը,մեր հոգու անապատը Հայաստան-հայրենիք դարձնողը ,ներ երկնքի ամենահին ու ամենանոր աստղը լույս է տալիս իր երկնքից:Իսկ իր երկինքը իր Չանաղչի գյուղն է ,իր իսկ ձեռքով կառուցած տունը,իր իսկ ձեռքով հիմնած այգին:Ու իր տանը աշխարհի ու Հայոց աշխարհի մեծերն էին ` Սայաթ-Նովան, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը ... Հենց Պարույրի այգուց,հենց նրա տնից օրը ցերեկով նայիր երկնքին:Ի~նչ մեծեր են նայում .ի~նչ մեծերի հետ է Պարույս Սևակը:Ու մի մտածիր ,որ էս փոքրիկ գյուղումծնվածը հայոց լեզվի իր խառնարանն էր ստեղծելու ,իր այգում նստած ` վիճելու էր ախշարհի մեծերի հետ .ախր , աշխարհ է, մարդու նման աշխարհ է ,հենց մարդու աշխարհն է,բայց ինչո՞ւ է ծուռ ճամփով գնում:Իր ժողովուրդը ինչո՞ւ եղեռնվեց:Աշխարհի մեծերի հետ զրուցողը կարո՞ղ է մի անսկիզբ-անվերջ զրույց սկսել Կոմիտասի հետ:Կոմիտասով ` աշխարհի բարի ու չար ուժերի հետ:իր տանը ` Չանախչիում, ինչո՞ւ չլինի մեծ զանգահարը:Եվ ի՞նչ իմանար կոմիտասապաշտը,որ մի օր իր գյուղը կոչվելու է ԶանգակատունԼ: Անլռելի Սևակի այգում,նրա շիրմաքարի մոտ քրքրվելով, մտորում եմ ` ախր, կարող էր հենց հիմա լինել իր նվիրած օրվա ծիրի մեջ:Տարիքն ի՞նչ է :Բանաստեղծը ,փիլիսոփան, մտածողը ,լեզաշինարարը,պարզապես Պարույր Սևակը քառասունյոթում գնո՞ւմ է:Արդեն 35 տարի հունիսի 17-ին նա հավաքում է պարույրապաշտներին,զինում նրանց , լիցքավորում,նրանց բջիջները լցնում Հայաստանով,հայրենիքով,խոսք ու բառով ,սիրով, հավատով:հավատի կրողներն ավելի շատ աշակերտներն են,որոնք Սևակ են զնգացնում,Սևակ են երգում:Պաշտամունքը նման է գեղեցիկ օր խոստացող լուսաբացի:Պարույր Սևակ մեր ափերը ողողող ու նորոգող լուսաբացն է ` լիքը ճաճանչներով:Ու գեղեցիկ է ,երբ սևակապաշտությունը ժողովուրդը կրում է աղոթքի ու զենքի նման:Ու գեղեցիկ է ,երբ Գորիսից երիտասարդ սևակագետ Թեհմինա Մարությանը Սևակի ծննդավայր է եկել իր նոր գրքով ` «Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական անդրադարձները», որով և դարձել է գիտությունների թեկնածու , համահեղինակությամբ հրատարակել է «Պ.Սևակ . Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ» գիրք – հուշալբոմը:Սա հիաշատակում եմ նրա համար,որ շեշտեմ ` սևակագիտությունը սևակապաշտության քույրն է : Շնորհակալություն չասենք ոչ մեկին , բայց ինչպես շնորհակալ չլինել սևակապաշտ-բարերար Հրաչ Շահսանամյանին է Սևակի թանգարում ու շրջակայքում շինարարական պատշաճ աշխատանքներ իրականցնելու համար...
պարույսևակյան օրը դառնում է ժողովրդի կենսամատյան:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.48.51 | Сообщение # 134
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԳԻՇԵՐԱՄՈԻՏ

Ինքնաշարժերը,
Որ մինչև հիմա ասես կույր էին
Կատվի նորածին ձագերի նման,
Իրար ետևից աչքերն են բացում։

Ու լռությունը
Արդեն ամեն ինչ հրմշտորում Է,
Որ իրեն համար կարգին տեղ բացի.
Եվ այդ տևական հրմշտոցից Է,
Որ հեռացած են թվում լեռները:

Գինովանում Է մենակությունը՝ Խայամի նման,
Գինովանում ու հայհոյում... աստծուն։
Բարի շների հաչոցն էլ հիմա
Հաչոց չէ կարծես,
Աղոթք է՝ հղված հայհոյված աստծուն,
Որ հայհոյողին գթաբար ների։

Մութը դառնում Է գրատախտակի ջնջոց սպունգե,
Մինչդեռ երկինքը
Դանդա~ղ պատվում Է աստղաեղյամով:

Եվ սկսում են մարդիկ քիչ խոսել
Եվ ցածր խոսել,
Քանի որ լույսերն ու լապտերները
Ավելի լավ են խոսում-զրուցում:
Եվ ամեն մի տուն
Ազդանշան Է ճամփում տիեզերք՝
Մանկական լացով.
Կանչով մայրական,
Մեքենաների,
Անասունների
Ասես կետգծված շչակ–բառաչով
Եվ, ամենից շատ, լույսերով այս նույնը
Որ մարում-վառվում-թարթվում են անվերջ,
Կարծես թե ինչ-որ մի նո՛ր Մորզեի
Նո՛ր այբուբենի համապատասխան։
Իսկ հետո,
Երբ որ մարում են արդեն ձայներն այս բոլոր
Ու լույսերն այս նույն,
Երևի նաև հասնում Է պահը
Տիեզերական պատասխանների,
Որ ընդունում են մարդիկ... քնի մեջ`
Մղձավանջ ի կամ երազի տեսքով։

Բարի երազս` ձե~զ, սիրելինե՛ր,
Ու ձեր մղձավանջն ի՛նձ, ձեր սիրելո~ւն...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.49.27 | Сообщение # 135
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Դու ինչ ես ուզո՞ւմ։
Դու շա~տ բան կուզես,
Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ։

Չե՛ս ուզում արև մի քառակուսի
Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ։

Դու ապառնիից մահու չափ հոգնել
Եվ ապառիկ ես րնդամենն ուզում
(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):
Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,
Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել
(Իմ մեծահարուստ... համբերությունի~ց)։
Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես՝ ցաված.
Ես չեմ մերժում քեզ,
Ես նա եմ, հենց նա՛,
Ով մարդկանց մերժել չի~ կարողանում...

Տե՛ս, գունափոխված ծառերը բոլոր
Իրենց սաղարթի ձուլածո ոսկին
Առանց զնգոցի մանրում են անվերջ,
Վերածում էժան թղթադրամի՝
Գնելով իրենց հանգիստ քնելու իրավունքը թանկ:
Ես թոռն եմ աշնան ու կտակառուն,
Ու թույլ եմ տալիս, որ դու տեր դառնաս
Մի ամբո~ղջ խտիտ թղթադրամի.
Բարո՛վ վայելես։
Կտրուկ քարափով վերջացող լանջը
Իր հնադարյան խզարով քարե,
Տե՛ս,
Համառում Է կտրել երկնքի կապտաջիղ կողը։
Ու ես էլ ահա
Մեկնած մատների իմ աղեղնաձև-անմաշ սղոցով
Ջանում եմ կտրել մի պատառ աշուն.
Ա՛ռ, որ ձմռանը ցրտում չտխրես:

Քամին ավազից ու փխրուն հողից
Երեխայական լեռնապարեր Է սարքում անընդհատ
Եվ դժգոհելով՝ երեխայի պես,
Հենց տեղն ու տեղն Էլ սարքածն Է քանդում՝
Քանդածը կրկին վերաշինելու նո՛ր ախորժակով։
Լիազորված եմ ես քամու կողմից,
Ու եթե կուզես՝ մի վայրկյան հետո
Սարքեմ ու տամ քեզ մի ո~ղջ լեռնաշխարհ.
Քեզ համար ապրի~ր
Եվ շնորհակալ մի՛ լինիր բնավ,—
Դրանով դու ինձ կվիրավորե~ս:

Էլ ի՞նչ ես ուզում։

Իսկ թե հոգնել ես դու ապառնիից
Եվ ապառիկի հույս ունես դարձյալ,
Ոչի՛նչ չես շահի ինքդ դրանով,
Իսկ ես դրանից շա՜տ եմ վնասվում,
Քանի որ ցավով տեսնում եմ կրկին,
Որ մարդկանց առաջ զո~ւր Է բացվելս,
Դաշտի պես փռվել ու տարածվելս.
Դարձյա՛լ չեն տեսնում ու չեն ճանաչում,
Թաքստոցներ են փնտրում կանաչում...

Թե քեզ չես խղճում՝ ինձ խղճա գոնե
Ու խոսքիս վերջին նվոցը լսիր.
Երբ որ աստղերը
Արդեն հոգնում են անշարժությունից,
Վերևից իրենց նետում են ջուրը,
Որ բարի քամին ման ածի իրենց:
Դո՛ւ,
Որ հոգնել ես քեզ միշտ պատեպատ խփելուց,
Արի՛,
Ապրիր հոգուս մեջ,
Որ չունի պատեր, որոնց դու խփվես:
Ապրի՛ր հոգուս մեջ,
Ու ր չես դեգերի նաև մտովին,
Ուր դու կնստես ու կիշխե~ս անգամ`
Ա՛յն զարմանալի առատության հետ,
Որ այնտեղ տե~ր է, արքայից արքա՛:

Ի՛նքդ հասկացիր
Եվ ուրիշների՛ն դու լավ հասկացրու,
Որ ոչի~նչ – ոչի~նչ ձեզ տալ չեմ կարող.
Ես լոկ կարող եմ ձեզ սիրե~լ... այսքա՛ն:
12. 2. 64
Երևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.50.08 | Сообщение # 136
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
Առավոտ լուսո~,
Առավոտ մի ջի~նջ,
Ջի~նջ,ինչպես ... ոչի՛նչ,
Ջի՛նջ, սակայն դեռ պա~ղ:

Ու ես անհապաղ
Անջատում եմ ինձ
Աշխարհից ծանոթ
Ու պարպում եմ ինձ,
Դարձնում մի անոթ,
Որ լոկ դատարկ չէ,
Այլ նաև անօդ:
Եվ... նո~ր աշխարհ եմ ստեղծում հիմա
Առայժմ եթե ոչ ձեզ բոլորիդ,
Ապա գոնե ի՛նձ վրա
Բժշկի նման փորձարկեմ կարգին,
Ու եթե լինի այս անգամ սարքին`
Ն՛որ միայն վստահ հանձնեմ ձեզ նաև,
Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:

Ես` պատրանազերծ,
Բայց և հուսազեն,
Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում
Էլ չե~մ զբաղվում ու չե՛մ զբաղվի
Չեղածի վրա եղածի թերին իզո՞ւր քննելով,
Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,
Կեղծված դրամով կեղծ բան գնելով,
Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն
Մահանալու պես անվերջ քնելով:

Ես ` զարթնած արդեն,
Բայց դեռ անլվա,
Հեղուկով մի կուց,
Որ պարգևում է ձնհալն անխուսափ,
Նախ զովացնում եմ դեմքն իմ` հիվանդի՛,
Իսկ հետո ` ամե~ն տեսակ հիվանդի`
Մա՞րդ լինի,երկի՞ր,թե՞ հավատ – մե~կ է
Զովացնում նրանց ամենքի դեմքը`
Իր ամենաբուժ մատների հետքը
Անջինջ թողնելով սրա ու նրա
Դեռ գոց կոպերի,
Դեռ փակ շուրթերի ,
Տակավին քնկոտ երեսի վրա:

Ու բոլորի՛դ մեջ,
Անխտիր բոլո~ր-բոլոի~դ,
Ինչ –որ սիրելի մի բան եմ գտնում ,
Սիրելու ինչ-որ արժանի մի բան,
Որ հավանաբար
Ա՛յն ժամանակ է ստեղծել արդեն,
Երբ հին ու չորս ոտքից երկուսը
Անդարձ
Մենք կորցրեցինք...

Եվ վեհ բարձունքից աններողության
Ես,քարի նման ,վար եմ թավալվում`
Հանելով փափուկ ա՛յն ստորոտին,
Որից քիչ անդին
Ճահիճն է ապրում
Իր հավերժական ինքնածին կյանքով,
Եվ,քարի լեզվով, ասում եմ . «Այբ Բեն»,
Այսիքն ` «Արեգակ»,
Կամ` «Եղիցի լույս»...

16.03.67
Արզնի



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.50.33 | Сообщение # 137
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՀՈՐԴՈՐ

Դիմավորեցեք... կասկա~ծը:Նա է
թակում ձեր դուռը:
նա է, հենց ի՛նքը:
Դիմավորեցեք և մի՛ վախեցեք.
Ես նրան արդեն ընդունել վաղո~ւց
Եվ մինչև անգամ ճամփել եմ կրկին:

Դիմավորեցեք նրան ծիսաբա~ր`
Նոր ու հնօրյա Տերընդառաջո՛վ`
Ձեր իսկ կրծքի տակ վառելով խարույկ.
Որպեսզի ... եթ ընդմիշտ չչքվի,
Ապա գեթ ճեղքվի մութը ձեր հոգու:
Դիմավորեցեք նրան գեթ հիմա՛,-
Ես նրան վաղո~ց ճամփել եմ արդեն:

Դիմավորեցեք ... կասկա~ծը:Ես իր
Ո՛չ մունետիկն եմ,ո՛չ էլ մարգարեն:
Իր երախտապարտ փրկյա~լն եմ ես լոկ:
Դիմավորեցե՛ք,քանզի ամենքիս
Լոկ հավա~տք է պետք ,ո՛չ հավատալիք:
Լոկ հավա~տք է պետք, ո՛չ հավատալիք:

11.02.63 Երևան
28.08.65 Չանախչի



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.51.01 | Сообщение # 138
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ,
ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի~ն...

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա~ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի
Նմանությունը հեռու – մոտավոր
ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,
որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու
Խնդիր չե~ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,-
Մի՛շտ ,ամե~ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի~ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան ,հոգու ու կրէի .
Քանզի նշանը հանման – գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա~խտն է մեզ ընտրում ...

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի~ն ...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.51.47 | Сообщение # 139
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:

Խաղաղությո՜ւն, որ խաղողը քաղցրանա,
Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք:
Խաղաղությո՜ւն, որ աչիկներն իր բանա
Դաշտում մի տուղտ, օրորոցում՝ մի բալիկ,
Մի ծով ցորեն՝ գարնանային արտի մեջ,
Անգիր մի երգ՝ բանաստեղծի սրտի մեջ,
Մի երեքնուկ՝ բացատի մեջ անտառի,
Անխոս մի սեր՝ սրտի խորքում պատանի...

Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-
Մեզ հետ նույնը բնությունն է կամենում:

Խաղաղությո՜ւն, որ տատիկները բոլոր
Երգեն իրենց թոռնիկներին մեղմ օրոր.
Որ մայրերը և արտերը ծոցվորվեն,
Որ դաշտ ու ձոր հասունություն վայր ծորեն,
Որ բանվորը գոհանա իր վաստակով,
Շինարարը երկինք ելնի լաստակով,
Սերմացանը ափն իր խփի ու բանա,
Այգեգործը դեռ չխմած՝ արբենա...

Խաղաղություն ամենուրե՜ք, ամենքի՜ն,-
Այդ են ուզում ամե՛ն մարդ ու ամեն կի՛ն:

Խաղաղություն Կորեայի՜ն արնաքամ,
Չինաստանի հերոսների՜ն առնական.
Խաղաղություն օվկիանոսին այն խաղաղ,
Որ իսկապե՛ս լինի հանգիստ ու խաղաղ:
Խաղաղություն բոլո՜ր նրանց, ում համար
Ծանր է տեսնել սգավոր կին, քույր ու մայր,
Ծանր է տեսնել իր քաղաքը մոխրացած,
Այգին դարձած խրամատի անել ցանց...

Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում,-
Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր:

Պատասխանը միևնույնն է ամեն տեղ.
-Ո՛չ,- ասում է ամեն երկիր, ամեն ցեղ:
-Ո՛չ,- հնչում է ամեն լեզվով՝ մի բառով:
-Ո՛չ,- հնչում է կերտող մուրճի բարբառով:
Այգին ջրող բահը նույնն է պահանջում,
Նույնն է տենչում զուլալ հոսող ամեն ջուր,
Նույնն է ճչում ամեն մանուկ նորածին,
Նույնն է ասում լուռ հպումը սիրածի...

Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-
Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 13.53.13 | Сообщение # 140
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԼԻՆԵՆ
ԲՈԼՈՐ ՇՔԵՂ ԿԱՆԱՅՔ

ՈՒրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք,
Բոլոր շքեղ կանայք շքեղ քաղաքներում:
Իմըս լինես լոկ դո՛ւ, իմ հայրենի՜ քաղաք,
Եվ նա՛, ով մտքերիս ու սրտիս է տիրում:

Գիշերն ի լույս նստենք վառարանի դիմաց,
Դրսում ձմեռ լինի ու ձյուն լինի դրսում.
ՈՒրիշ քաղաքներից նրան պատմեմ կամաց,
Եվ նա այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսում:

Պատմեմ, թե ինչպես է իմ ծովահեն հոգին
Մերթ խորտակվել խութին, մերթ ծովի մեջ սկել,
Ինձ դեսուդեն ձգել՝ որոնել է մեկին
Շքեղ քաղաքներում ու կանանց մեջ շքեղ:

Պատմեմ թափառումիս, որոնումիս մասին,
Իսկ գտածիս մասին... և ոչ մի խոսք չասեմ:
Իսկ նա կողքիս՝ արթուն, նայի նիրհող Մասսին
Եվ ինձ այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսել...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Պարույր Սևակ, 1924-1971
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz